ՀՀ սահմանամերձ տարածքները, որոնք հարակից են Ադրբեջանի հետ շփման գծին, կարելի է համարել պատերազմական գոտի: Ճիշտ է, այնտեղ հայտարարված պատերազմական գործողություններ չեն ընթանում, սակայն հակառակորդի դիպուկահարների ակտիվությունը, տարբեր մարտական գործողությունների իրականացումը, դիվերսիոն խմբերի ներխուժման վտանգն այդ տարածքների բնակչությանը պահում են մշտական լարվածության մեջ:
Հիմնականում վերոնշյալ անժխտելի իրողությունների, ինչպես նաև աշխատատեղերի կամ բավարար վաստակ ապահովող աշխատանքի բացակայության, սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի պատճառով է, որ այդ տարածքներում բնակչությունը շարունակաբար նոսրանում է, իսկ բնակավայրերը` դատարկվում: Նշված գործընթացը, առանց որևէ չափազանցության, սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը, դրանից ածանցյալ նաև` Արցախի:
Ելք կա՞ արդյոք վերոնշյալ իրավիճակից, ի՞նչ անել նշված հայրենակործան գործընթացը կասեցնելու և նույնիսկ հակառակը` սահմանամերձ բնակավայրերից հեռացած բնակիչներին անվտանգության երաշխիքներ տալու, շահագրգռելու և իրենց բնակավայրերը վերադարձնելու համար: Ինչպես անվտանգության գոտիների վերածել ՀՀ սահմանամերձ բնակավայրերը և Արցախի ազատագրված տարածքները: Այս հիմնախնդրի լուծումը հաջողվել է գտնել «Շիրակ Տեխնոպարկ» ՓԲԸ-ի հիմնադիր, գլխավոր կոնստրուկտոր, «Մեծն Տիգրան» հասարակական կազմակերպության (նախկին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ) անդամ ՀՐԱՅՐ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ, որը և պատասխանում է «Իրատեսի» հարցերին։
-Երկար ժամանակ ուսումնասիրել եք սահմանամերձ տարածքներից բնակչության հեռանալու պատճառները, հետևաբար կարո՞ղ ենք եզրակացնել, որ հիմնախնդրի` Ձեր առաջարկած լուծումները բխում են հենց այդ պատճառները վերացնելու կամ հնարավորինս չեզոքացնելու հրամայականից:
-Այո: Այսօր արտագաղթի խնդիրը, իհարկե, ամբողջ երկրի համար է դարձել գերխնդիր: Սակայն սահմանամերձ գոտին ունի իր յուրահատկությունները, և սահմանամերձ գոտում պլանավորվող միջոցառումների համալիր ծրագիրը չպետք է նույնացնել մնացած տարածքներում իրականացվող աշխատանքների հետ, որովհետև այլ տարածքներից մարդիկ հեռանում են հիմնականում սոցիալական պայմանների պատճառով, իսկ սահմանամերձ գոտուց հեռանալը պայմանավորված է նաև անվտանգության նկատառումներով:
-Հետևաբար ի՞նչ եք առաջարկում:
-Նախ, ստեղծել անվտանգության այնպիսի համակարգ, որի պարագայում բնակիչը իրեն կհամարի պաշտպանված:
Երկրորդ. ստեղծել սոցիալ-տնտեսական այնպիսի պայմաններ, որոնք այդ գոտին կդարձնեն գրավիչ` ապրելու և տնտեսական գործունեություն իրականացնելու համար:
ՀՀ սահմանամերձ գոտում անվտանգության ապահովման միջոցառումները, մեր համոզմամբ, չեն կարող դիտվել որպես առանձին, իրարից անկախ գործողությունների շարք: Դրանք պետք է մշակվեն և իրականացվեն այնպես, որ արդյունքում ստեղծվի համակարգ իր բոլոր բնութագրերով: Այն պետք է դառնա ազգ-բանակ փիլիսոփայության հենքային օղակներից մեկը:
- Ինչպե՞ս եք պատկերացնում անվտանգության աստիճանի բարձրացման մոդելը, այդ առումով ի՞նչ միջոցառումների իրականացում եք նախատեսել:
- Շատ լավ հասկանում ենք, որ պետության տարածքը պաշտպանում է երկրի բանակը: Դա շատ լավ գիտեն նաև սահմանամերձ գոտու բնակիչները: Դա գիտի նաև հակառակորդը: Հետևաբար բոլորը գիտեն, որ եթե հակառակորդը որևէ կետում որևէ պահի կարողանա շրջանցել գործող պաշտպանական շերտը, ապա սահմանամերձ գոտու անզեն ու անպաշտպան բնակիչը կհայտնվի վտանգին դեմ հանդիման: Իհարկե, բոլոր նրանք, ովքեր ներգրավված են պաշտպանական համակարգում, ամենայն հավանականությամբ, պնդելու են, որ այդպիսի բան լինել չի կարող: Սակայն կյանքն արդեն իսկ ապացուցել է հակառակը:
Հիմնախնդրի լուծումը, կարծում եմ, միակն է. սահմանամերձ տարածքների յուրաքանչյուր բնակիչ պետք է դառնա պաշտպանական համակարգի բաղկացուցիչ տարր, և հենց դա է լինելու նախատեսվող պաշտպանական համակարգի հիմնական բնութագիրը: Այդ դեպքում սահմանամերձ տարածքները կլինեն ամրացված պաշտպանական գոտիներ, ինչով էլ կապահովվի այդ տարածքների բնակիչների անվտանգությունը:
-Ի՞նչն է լինելու նախատեսվող համակարգի հիմնական տարրը:
-Նոր տիպի ամրացված բնակավայրերի՝ բազա-բնակավայրերի շղթան:
-Իսկ ի՞նչ բան են Ձեր առաջարկած այդ բազա-բնակավայրերը, դրանք նո՞ր են կառուցվելու:
-Ոչ, եղած բնակավայրերի մի մասը վերածվելու է բազա-բնակավայրերի: Բազա-բնակավայրը համայնք է, որտեղ բնակիչը բացի իր առօրեական խնդիրները լուծելուց, մասնակցում է նաև անվտանգության միջոցառումներին (հերթապահում է բազայի դիտակետերում, պահանջված դեպքում մասնակցում է ինքնապաշտպանական գործողություններին և այլն): Այսինքն` բազա-բնակավայրը ամրացված համայնք է, որի բնակիչների մեծ մասը կապված է պաշտպանական համակարգի հետ: Նրանք կամ զբաղված են լինելու պաշտպանական համակարգին անհրաժեշտ տարբեր աշխատանքների ու տնտեսական պատվերների կատարմամբ, կամ դառնալու են պայմանագրային զինծառայողներ:
Այդպիսի համայնքները պետք է ունենան իրենց զինանոցը, ինքնապաշտպանության համար անհրաժեշտ ու հաշվառված ռազմական միջոցները, իսկ բնակիչները համարվելու են աշխարհազորայիններ և ունենալու են իրենց ամրակցված մարտական զենքերը:
-Ո՞վ պետք է ղեկավարի բազա-բնակավայրը:
-Կառուցվածքային առումով բազա-բնակավայրը սովորական համայնք է: Նշանակում է, որ այն ղեկավարելու է ընտրված համայնքապետը: Սակայն, բանակին և անվտանգության միջոցառումներին առնչվող բոլոր հարցերով զբաղվելու է բազա-բնակավայրի պատասխանատու ստորաբաժանումը, որի ներկայացուցիչների լիազորությունները սահմանվելու են պաշտպանության նախարարի հրամանով:
Պաշտպանության նախարարության պատասխանատու ստորաբաժանումը կունենա բոլոր բազա-բնակավայրերի հետ աշխատող անձնակազմեր, որոնք կիրականացնեն թե՛ համայնքներում իրականացվող ու պաշտպանական համակարգին անհրաժեշտ աշխատանքների ու պատվերների կատարման վերահսկման աշխատանքները, թե՛ բազա-բնակավայրերի անվտանգության ապահովման միջոցառումները (բազայի դիտակետերում հերթապահությունների կազմակերպումը, զենքի և զինամթերքի հաշվառումը, զինամթերքի բաշխումը և այլն):
-Ի՞նչ ճանապարհով կարելի է իրականացնել Ձեր առաջարկը:
-Տարբերակները մի քանիսն են: Սակայն, կան նմանատիպ հաջողված մոդելներ, որոնք մեր դեպքում կիրառելի են: Այդպիսի մոդել է նաև ռազմարդյունաբերական համալիրը, որի փորձը ուսանելի և կիրառելի է բոլոր այն ոլորտներում, որոնց առնչվում է պաշտպանության նախարարությունը:
Ես մասնավորապես առաջարկում եմ այդ համալիրի նմանությամբ ստեղծել պաշտպանության նախարարության արտադրատնտեսական համալիր, որում սուբյեկտները, գործարանների փոխարեն, կլինեն ընտրված սահմանամերձ համայնքները (բազա-բնակավայրերը): Այդ դեպքում համայնքի կարգավիճակի փոփոխության հետ կապված խնդիրներ չեն առաջանա: Այդ համայնքներում ընդամենը կտեղակայվեն պաշտպանության նախարարության արտադրատնտեսական համալիրի ստորաբաժանումների անձնակազմերը:
-Ո՞վ է ղեկավարելու բազա-բնակավայրում տեղակայված պաշտպանության նախարարության արտադրատնտեսական համալիրի ստորաբաժանումը:
-Հրամանատարը՝ պաշտպանության նախարարության նշանակած սպան:
-Արտադրատնտեսական համալիրի ստորաբաժանումն ի՞նչ գործառույթներ է իրականացնելու:
-Փորձեմ դրանք ներկայացնել կետ առ կետ։ Նախ պայմանագրեր է կնքելու համայնքի բնակիչների հետ՝ պաշտպանության նախարարության կարիքների համար մատակարարվող գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման, ինչպես նաև այլ գյուղմթերքների պատրաստման ու մատակարարման նպատակով:
Երկրորդ. նպատակահարմարությունից ելնելով, համայնքում կազմակերպելու է արտադրամասեր և այլ տնտեսական կառույցներ՝ ՊՆ զորամասերում օգտագործվող իրերի և այլ արտադրատեսակների արտադրման ու մատակարարման նպատակով:
Երրորդ. որպես պատվիրատուի ներկայացուցիչ, իրականացնելու է աշխատանքների ընթացքի վերահսկման և ստացված արդյունքների ընդունման աշխատանքներ:
Չորրորդ. ստեղծելու է համայնքում լրացուցիչ ամրություններ ու հսկողության դիտակետեր:
Հինգերորդ. իրականացնելու է համայնքում պայմանագրային զինծառայողների հավաքագրման ու պատրաստման աշխատանքներ:
-Պաշտպանության նախարարության արտադրատնտեսական համալիրի ստորաբաժանումը բազա-բնակավայրում անձնակազմ ունենալո՞ւ է:
-Այո, ինչպես արդեն նշեցի, ունենալու է հրամանատար՝ պաշտպանության նախարարության կողմից նշանակված սպա, ունենալու է նաև մասնագետ-հրահանգիչ (պայմանագրային զինծառայող), որը պարապմունքներ է անցկացնելու համայնքի բնակիչների հետ, ստեղծելու է համայնքի հսկողության դիտակետեր, դիտակետերում կազմակերպելու է հերթապահությունը և այլն: Պաշտպանության նախարարության արտադրատնտեսական համալիրի ստորաբաժանումն ունենալու է նաև զինվորական անձնակազմ, որի նախնական թվաքանակը կորոշվի` ելնելով բազա-բնակավայրի առանձնահատկություններից: Անհրաժեշտության դեպքում ստորաբաժանման անձնակազմի զինվորների քանակը համալրվելու է համայնքի բնակիչներով: Հավելեմ, որ ստորաբաժանումը պետք է ունենա տարածքային վերադաս մարմին, որի մոտ կենտրոնացված կլինեն անհրաժեշտ տեխնիկան, պահեստային տնտեսությունները և այլն:
-Անդրադառնանք Ձեր առաջարկած բազա-բնակավայրերում տնտեսության կազմակերպմանը, ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:
-Պաշտպանության նախարարության արտադրատնտեսական համալիրը դառնալու է բազա-բնակավայրի բնակիչների կողմից արտադրվող գյուղմթերքների պատվիրատուն: Դրա համար համայնքի բնակիչների և այդ համալիրի իրավասու օղակի միջև կնքվելու են համապատասխան աշխատանքային պայմանագրեր:
Ընդ որում, պայմանագրի կնքումից մինչև արտադրանքի ստացումը բոլոր փուլերը լինելու են տվյալ բազա-բնակավայրում գտնվող արտադրատնտեսական համալիրի ստորաբաժանման հրամանատարի և տարածքային իրավասու մասնագետների վերահսկողության տակ:
Կարծում եմ, այդ պայմանագրերով համայնքի բնակիչների կողմից մատակարարվող այս կամ այն ապրանքատեսակի գնման գինը պետք է ձևավորել ըստ վերջին 5 տարվա ընթացքում պաշտպանության նախարարության կողմից տվյալ ապրանքատեսակի ձեռքբերման միջինացված գնի, ընդ որում, գնման գնին ոչ թե հավելելով, այլ դրա մեջ մտցնելով նաև աշխատավարձի բաղադրիչը: Այսինքն՝ համայնքի բնակիչը, որը զբաղված է պաշտպանության նախարարության արտադրատնտեսական համալիրի պատվերների կատարմամբ, դառնալու է նախարարության համապատասխան ստորաբաժանման աշխատակից:
Պետք է նախատեսվի և բազա-բնակավայրում ապահովվի բնակիչների 100 %-անոց զբաղվածություն: Կարծում եմ, դա կարելի է ապահովել պաշտպանության նախարարության, նաև ոստիկանության և ԱԱԾ կարիքների բավարարման հետ կապված աշխատանքներն այդ բազաներում իրականացնելու միջոցով:
Բազա-բնակավայրերի բնակիչները և նրանց ընտանիքների անդամները պետք է ստանան անվճար բժշկական ապահովագրություն, բազայում ապրած տարիները պետք է համարվեն աշխատանքային ստաժ, իսկ բազայում ապրած 1 տարին պետք է հավասարեցվի սովորական բնակավայրերի 1,5 տարվա հետ: Բազա-բնակավայրի բնակիչները պետք է ազատված լինեն գույքահարկից, ջրի օգտագործման վճարներից, հողի հարկից: Բազա-բնակավայրերի տարածքներում ձեռներեցությունը պետք է ազատված լինի ավելացված արժեքի հարկից, բազա-բնակավայրերը պետք է համարվեն ազատ առևտրի և բիզնեսի գոտիներ, նրանցում տնտեսավարող սուբյեկտների համար պետք է նախատեսվի 3-5 % շահութահարկ:
Բազա-բնակավայրերի համար պետք է կազմակերպվեն գյուղատնտեսական մթերքների գնման տարածքային բազաներ: Որոշ բազա-բնակավայրերում, ըստ հնարավորության, պետք է կազմակերպվեն նաև կարի, փայտամշակման արտադրամասեր, կոշիկի ֆաբրիկաներ: Այն բազա-բնակավայրերում, որոնք այգեգործության համար բարենպաստ գոտում են, պետք է կազմակերպվեն հյութերի ու չրեղենի արտադրամասեր:
Բազա-բնակավայրի և դրա հետ կապված հարակից բնակավայրերի բնակիչների արտադրած գյուղմթերքներն ամբողջ քանակով և շուկայական գներով պետք է մթերվեն գնման բազաներում և օգտագործվեն ՊՆ-ի, ոստիկանության և ԱԱԾ-ի կարիքներն ապահովելու համար: Պաշտպանության նախարարությունը, ոստիկանությունը և ԱԱԾ-ն գյուղմթերքների այլ գնումներ պետք է կարողանան իրականացնել միայն բազա-բնակավայրերում արտադրված մթերքների սպառումից հետո:
-Դրսից այլ անձինք, ցանկության դեպքում, կկարողանա՞ն գալ և ապրել բազա-բնակավայրերում:
-Այո, բազա-բնակավայրերում բնակվելու ցանկություն հայտնող քաղաքացիներին անհատույց պետք է հատկացվեն տուն, հողատարածք, խոշոր և մանր եղջերավոր անասուններ:
-Փորձենք հակիրճ ամփոփել. ի՞նչ կհաջողվի ստանալ Ձեր նախատեսած և առաջարկած միջոցառումների իրականացման արդյունքում:
-Կապահովվի սահմանամերձ գոտու անվտանգությունը, կնվազի արտագաղթը, կստեղծվեն ներգաղթի պայմաններ և հնարավոր կլինի բնակեցնել սահմանամերձ լքված բնակավայրերը:
Հարցազրույցը՝
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ